ԺԱՄԱՆԱԿԸ
Մի ահավոր դանդաղ
անհոգությամբ դաժան
ժամանակը –
որպես մի ահավոր երկանք,
մեր որբացած,
անտուն
երազների սրսուռ հատիկներն է աղում,
աղում հատիկ – հատիկ,
աղում պտղունց – պտղունց
և աննկատ այդպես,
անհոգությամբ դաժան,
ճերմակ փոշին թաքուն մեր գլխին է մաղում:
Եվ տարիներ հետո
ուշքի գալով հանկարծ,
երազների փոշու
դառնատտիպ համն ենք զգում մեր բերանում…
– Դրանից չե՞նք արդյոք, մենք ծերանում…
Ինչ անտարբե՜ր ենք մենք
նայում ամեն անցնող օրվա թողած հետքին,
և ինչ դառնությո՜ւն է
մեզ համակում հանկարծ,
երբ կորցնում ենք մենք
ինչ – որ շոշափելի,
թեկուզ փոքրիկ մի բան…
Ժամանակը –
որպես մի ահավոր երկանք,
չի տարբերում երբեք
մեր անցյալն ու ներկան,
ժամանակն է օրհնում մեր անցնելիք ճամփան…
ՎԵՃ ՀՈԲԻ ՀԵՏ
Հուս երկրի մեջ կար
Հոբ անվամբ մի մարդ.
Հոբն աստվածավախ,
արդար,
կատարյալ,
և չարությունից ետ քաշվող մարդ էր:
Նա հավատում էր,
որ Արարիչը սրտով՝ իմաստուն,
ուժով կարող է…
Կարող է լեռներն ափի մեջ առնել
և իրար խառնել,
կարող է հրաման տալ արեգակին
և նա չի ծագի,
կարող է հանգիստ
զբոսնել ծովի ալյաց վրայով,
կարող է, ասենք, քարից ծառ ծնել,
կամ, եթե պետք է,
ծառի շունչն առնել ու քար դարձընել,
կարող է, ասենք, թուփ ու խոտերը
դարձնել ոչխարի անքանակ հոտեր,
կարող է մեզ իր գրպանը խոթել
ու տանել – դնել
է՜է՜է՜, ամպի թամբին,
կարող է ձգել թելը փուչ կյանքի,
կամ երազը մեր թողնել կես ճամփին…
Աստված կարող է, կարող է, կարող…
Ներիր ինձ,
ներիր, ով երանելի,
– Աստված կարո՞ղ է
ինքն իրեն տալ պարզ, հասարակ մի հարց
ու պատասխանել չկարողանա…
Այդ ինչպե՞ս Աստված
մեզ տվեց մի ցավ,
որ ինքն էլ տանել չկարողացավ…
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հին Հելլադայում
կար մի ահավոր դատավարություն –
պատժապարտները դատավճիռը պիտի լսեին
նավակում կանգնած…
Երկիր իմ,
ինչպես կուզես ինձ դատիր,
բայց նման պատժից դու ինձ ազատիր,
թե արժանի եմ,
նույնիսկ խողխողիր,
սակայն արժանի արա քո հողին,
օ՜, չկա պատիժ
ավելի դաժան,
քան թե մայր հողին լինել անարժան…
ԱՆԳԼՈՒԽ ՁԻԱՎՈՐԸ
Աստված մեկին գանգ է տալիս,
մեկին՝ գլուխ,
ուրիշ մեկին՝ ոչ այս, ոչ այն,
և ամենքն էլ աստվածատուր իրենց ընծան
ընդունում են հեզ ու հլու…
Եվ ուրեմն,
ոչինչ չկա զարմանալու,
երբ ձիավորն է անգլուխ,
կամքն է Տիրոջ…
Տեր, ողորմեա զավակներիդ,
ահավոր է դառնում իրոք,
երբ եռում է մարտադաշտը,
ու երբ մահվան փոթորիկ է սար ու ձորում,
և անգլուխ ձիավորն է գլխավորում
հեծյալ վաշտը…
ԼԵՌՆԱԳՆԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՍԽԱԼԸ
Երկու անգամ է սխալվում կյանքում
լեռնագնացը.
Առաջին անգամ՝
կամավ, թե անկամ՝
ընտրության պահին մասնագիտության,
որով պիտի որ վաստակեր կյանքում
հանապազօրյա իր պատառ հացը,
հացը իր մանկան…
Իսկ երկրորդ անգամ…
Իսկ երկրորդ անգամ նա չէր սխալվի,
թե չսխալվեր առաջին անգամ…
ԵԼՔ ՓԱԿ ԴՌՆԵՐԻՑ
Անելանելի իրավիճակներ
չեն լինում երբեք,
լինում են ելքեր,
որոնց դռները բաց են մեր առաջ,
պարզապես դրանք մեզ ձեռք չեն տալիս…
Սակայն, մարդ Աստծո,
այս դռները փակ՝
սրանք էլ, ախր, դռներ են ելքի,
և այս դռներից ելնելու համար
բա գոնե մի քիչ զոռ չտա՞ս խելքիդ…
ԱՆՀԵՏՀԱՍՑԵ ՆԱՄԱԿ
Հորանջում է քնահարամ
սեպտեմբերյան գիշերը գորշ,
կախվել է նա իմ կոպերից
խոստումի պես մի անորոշ…
Այս դավադիր գիշերն անդեմ
մի նամակ է անհետհասցե,
փոթորկվում են ուղեղիս մեջ
հազար ու մի տանջող հարցեր…
Այս երկսայրի հարցերի դեմ
ես՝ մեն-մենակ, իրենք՝ հազար,
ես ինչ անեմ,
ինչպես ելնեմ
այս պայքարից անհավասար…
Ախ, գիշերվա ամեն հարցին
ես պատասխան ունեմ հազար,
բայց ո՞ւմ պիտի պատասխանեմ,
– Պատասխանս լսող չկա…
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Վաղուց արդեն մոռացված
ինչ – որ կսկիծ հեռավոր
անքնության երակի
արյան մեջ է թափանցում,
և տարիներ որոնած
մի փակ գաղտնիք է բացում
վաղուց արդեն մոռացված
ինչ – որ կսկիծ հեռավոր:
Բարբառում է հալածված
լռությունը վիրավոր,
բոլոր ճարտար, շատախոս
լեզուներն են պապանձվում,
վաղուց արդեն մոռացված
ինչ – որ կսկիծ հեռավոր,
անքնության երակի
արյան մեջ է թափանցում:
ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Քանդելը
հեշտ է,
շինելն է
դժվար…
Բացառություն են դղյակներն օդե՝
շինելը
հեշտ է,
քանդելն է
դժվար…
ՑԱՎԱԼԻ Է…
Ցավալի է,
ցավալի է,
երբ իսկապես ցավալի է,
բայց առավել ցավալի է,
երբ ցավ չկա բոլորովին,
հասկանո՞ւմ ես…
Չե՞ս հասկանում…
Հապա ո՞նց ես ապրում այսքան տարի,–
ցավըս,
այսքան տարի երազներիս ու հոգսերիս
ճիշտ սահմանին, ճիշտ կենտրոնում իմ էության
այսքան տարի ի՞նչ ես անում,
դու՝ անանուն,
անազգանուն,
այդ ինչպե՞ս է
այսքան տարի
ապրում ես ու չես հասկանում, –
որ ցավալի,
ցավալի է,
երբ ցավ չկա բոլորովին…
ԾՈՎԻ ՏԱՐԵՐՔԸ
Օ՜, կամակոր է տարերքը ծովի,
ներշնչման նման քմահաճ է նա,
կուլ կտա աստղերն ու չի հագենա,
օ՜, կամակոր է տարերքը ծովի:
Մի տանջվիր իզուր, թող քնած մնա,
խաղաղությունն այս դու չես խռովի,
օ՜, կամակոր է տարերքը ծովի,
ներշնչման նման քմահաճ է նա:
* * *
Աշխարհում որքան հույսեր կան քնած
պատյանների մեջ ցավի, կարոտի,
պատյաններն այդ ո՞վ կպատառոտի,
աշխարհում որքան հույսեր կան քնած:
Ես բոլորի պես կարոտ կմնամ
երբեք չբացված իմ առավոտին,
աշխարհում որքան հույսեր կան քնած
պատյանների մեջ ցավի, կարոտի:
* * *
Աշխարհում ոչինչ չի կորչում անդարձ
ժամանակների թավ թավուտներում,
անցյալն ապրում է մեր երակներում,
աշխարհում ոչինչ չի կորչում անդարձ:
Պատասխաններից հարցերն են սերում,
ամեն պատասխան ծնում է նոր հարց,
աշխարհում ոչինչ չի կորչում անդարձ
ժամանակների թավ թավուտներում…
ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ԱՌԱՎՈՏ
Ինչ ընծա է հրաշալի
այս առավոտն ասեղնագործ,
կնախանձեր նրան անգամ
անցած գիշերն աստեղնագործ:
Հոսում է նա լեռներն ի վար,
ելնում է նա ձորերն ի վեր,
այս չարչարված երկիրը խեղճ
դեռ չի տեսել նման նվեր:
Վաղնջական ու անխաթար
առավոտն այս դրախտային
չէի փոխի ոչնչի հետ,
ինձ մի կյանք էլ թեկուզ տային:
Արարչության երանելի
կիրակին է ասես թե նա,
և առտըվան շղարշի մեջ
օրորվում է ծառը Կենաց…
Սերն ուժեղ է,
կարոտն՝ անափ,
հավատը՝ մեծ,
հույսն՝ անմեկին…
Ես, երևի,
այսօր նորից
սպասում եմ… ինչ – որ մեկին…
ԴՈՒ ԱՐԴԵՆ ԴՈՒ ՉԵՍ
Ինչքան էլ որ ես
նետվեմ դեսուդեն,
դու արդեն Դու չես:
Էլ փոստատարն ինձ նամակ չի բերում,
եղածի համար
ես ինձ չեմ ներում…
Էլ հեռախոսի զանգն ինձ չի կանչում,
էլ իզուր եմ ես
ինքս ինձ տանջում…
Էլ ժամացույցի
սլաքներն անքուն,
հանդիպումների միջև սփռված
վայրկյաններն անվերջ չեն ջնջում
թաքուն…
Իմ շրթունքները
կորցնում են անունդ աստիճանաբար,
և իմ աչքերում ավելի հաճախ
կենդանանում են
դեմքեր հեռավոր,
մոռացված,
անդեմ,
քանի որ, ավաղ,
ինչքան էլ ես ինձ նետեմ դեսուդեն,
դու արդեն ԴՈՒ չես,
դու արդեն դու չես…
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՀԵՌԱՑՈՒՄ
Ինչո՞ւ եղավ, դո՛ւ ասա,
ինչպե՞ս եղավ, չգիտեմ,
ես պառկեցի ու մեռա
քո շվարած աչքի դեմ:
Հիմա չկամ ես արդեն,
ուրվական եմ քո աչքին,
և իզուր ես հավատում
դու հարության հրաշքին…