Ստանսներ
Սիրում եմ ես, երբ հոգու հետ կռվելով,
Շիկնում է իմ գեղեցկուհին դեռահաս.
Վերջալույսն է շիկնում այդպես, փռվելով
Փոթորկի և ամպրոպի դեմ վերահաս:
Շունչն եմ սիրում, որ շուրթերից իր ելած,
Անտառին է ձուլվում լուսնյակ գիշերով.
Այդպես տավիղն է ղողանջում ոսկելար,
Պաղ քամու հետ իր զրույցը հիշելով:
Բայց իմ աչքին քաղցր են թվում առավել
Աղաչանքի արցունքները նրա ծով.
Այդպես անմեղ քերովբեն է արտասվել,
Փրկչի անլուր տանջանքները տեսնելով:
Մենակություն
Ինչ ահավո՜ր է քարշ տալ այս կյանքի
Շղթաները – խուլ մենության մեջ:
Պատրա՜ստ են կիսել պահը բերկրանքիդ.
Ոչ ոք չի՛ կիսի վիշտդ անշեջ:
Մենակ եմ, ինչպես արքան երկնքի,
Սիրտս տնքում է տառապանքից,
Ճակատագրի դեմ գլխահակ ու հեզ,
Օրերն անցնում են երազի պես,
Եվ գալիս նորից, սակայն նույն շքեղ,
Հին երազանքով ոսկեզօծված,
Ու ես տեսնում եմ իմ դագաղը բաց
Ինձ է սպասում... Ինչո՞ւ ձգել –
Մեկ է, ոչ մեկը վրաս չի լալու,
Եվ (համոզված եմ) տեսնելով դիս,
Շատ ավելի են ուրախանալու,
Քան թե փուչ պահին իմ ծննդի:
Մուրացկանը
Դարպասների մոտ մի սուրբ վանքի
Ողորմություն էր խնդրում կանգնած –
Քաղցից, ծարավից, տառապանքից
Չորացած, թշվառ մի մարդ՝ հանգած:
Աղերսում էր նա մի կտոր հա՜ց,
Դեմքին տանջանքի դրոշմը կար,
Սակայն քա՜ր դրեց ափում պարզած,
Ինչ – որ մի անցորդ՝ կատակով չար:
Այդպես քո սե՜րն եմ խնդրել թաքուն
Դառն արցունքներով, կարոտակեզ.
Զգացմունքները իմ լավագույն
Խաբվա՜ծ մնացին հավետ այդպես:
* * *
Ես թուքումուր եմ հաճախ կերել
Ու մատնել են ինձ տանջանքների,
Որ ներել մարդկանց, ա՜յն եմ ներել,
Ինչ որ ինձ իրենք չէի՜ն ների:
Տանջե՜ց ինձ, պատժե՜ց բախտն անխնա,
Մեղքերիս բարդեց մեղքեր չեղյալ,
Սերը սրտիցս թռավ – գնաց,
Եվ ներել նրան զորու չեղա:
Ու մարդկանց հանդեպ – փոքր ու մեծի –
Դարձա սա՜ռն այնպես, մռայլատես.
Սակայն որ կողմ էլ շուռ եկա ես,
Ուրա՜խ դեմքերի հանդիպեցի:
Հիմար գեղեցկուհուն
1
Ամուրը մի օր հարց տվեց ինձ,
Կըմպե՞մ իր գինին երանելի –
Չէի՜ տոչորվում ես ծարավից,
Պարպեցի՛ սակայն գավաթը լի:
2
Զո՜ւր կցանկայի նորից հիմա
Թրջել իմ այրվող շուրթերը ես,
Զի կրքոտ գինու գավն աննման,
Ավա՜ղ, դատա՛րկ է քո գլխի պես:
Իմ տունը
Իմ տունն ամենո՜ւր է, ուր կա երկնակամար,
Ուր լսվում է միայն երգի հնչյուն,
Նեղ չի՜ եղել երբեք նա պոետիս համար,
Թեև կյանքի կայծ կա ամեն ինչում:
Աստղերի՜ն է հասնում տանս կտուրն անգո,
Եվ ճամփեքը – պատերն իրար կապող –
Հեռավոր են այնքան, որ կարող ես հոգո՜վ
Չափել միայն, ո՜չ թե աչքաչափով:
Ճշմարտության տենչ կա սրտում ամեն մարդու,
Հավերժության հատիկ՝ անապական,
Որ ամփոփում է իր կարճ մի ակնթարթում
Տարածությունն անափ ու դարն անկանգ:
Տե՜րն է ամենազոր շինել տունս շքեղ –
Տենչի համար այդ սուրբ ու սրտագին,
Դատապարտված եմ ես տառապելու այնտեղ,
Եվ լոկ այնտե՜ղ պիտի գտնեմ հանգիստ:
Կտակ
1
Կա մի տեղ – կածանի մոտ լքված –
Ամայի մի բացատ՝ անտառի խուլ ծոցում,
Ուր հյուսվող մշուշներն իրիկվա
Լուսնալույսն արծաթով է օծում...
Բարեկամ, դու բացատն այդ գիտես,
Ամփոփիր սառած դին իմ այնտեղ,
Երբ հանգած կլինեմ ես ի տեր:
2
Շիրմին այն մի մերժիր դու ոչինչ, և արա,
Ինչպես որ կարգով է օրենքի –
Թխկենու ճղներից խաչ տնկիր,
Եվ անտաշ մի քար բեր, դիր վրան.
Երբ ձայնից որոտի ու շանթի
Փոթորկվի անտառը, միգուցե մի բարի
Արարած, մի եկվոր իմ խաչը նկատի,
Եվ նստի, շունչ առնի իմ քարին:
Հույսը
Ես ունեմ մի հավք եդեմական,
Որ առավոտից մինչ երեկո
Թառում է դալար նոճուն, սակայն
Չի՜ երգում երբեք նա ցերեկով.
Մեջքը լազո՜ւրն է ներկել վերից,
Պստիկ գլուխը՝ ծիրանավա՜ռ,
Իսկ ոսկեփոշին իր թևերի
Ցո՜լքն է լուսայգի՝ երկնքում մառ:
Եվ հենց աշխարհը քուն է մտնում,
Մշուշաքողում, ճյուղին թառած,
Նա այնպես քա՜ղցր է երգում մթնում,
Գեղգեղում այնքա՜ն հոգեպարար,
Որ մոռանո՜ւմ ես դու ակամա
Քեզ ճնշող բեռը տառապանքի,
Եվ հնչյունն ամեն սրտիդ համար
Ասես թե մի – մի հյո՜ւր է անգին:
Ես լսել եմ այդ երգն իմ սիրած
Փոթորկի ժամին հաճախակի,
Եվ հո՜ւյս անունն եմ տվել նրան՝
Խաղաղ դայլայլող իմ թռչնակին:
* * *
Գեղեցիկ էր, ինչպես երա՜զը մանկական
Հարավային երկրների շողերի մեջ արեգական.
Ո՞վ կմեկնի, կանացի ի՞նչն է գեղեցիկ –
Փարթամ կո՞ւրծքը, թե՞ իրանը ճկուն ու ձիգ,
Թե՞ աչքերը՝ խոշոր – խոշոր: Այդ ամենը սակայն, հազիվ
Թե կարելի լինի կոչել գեղեցկություն: Ահավասիկ –
Անխոս շուրթերն ո՞վ կսիրի՝ հանուն իրենց հրապույրի,
Իսկ անկրակ հայացքն, ասես ծաղիկ լինի առանց բույրի:
Երկի՜նք, քո դեմ երդվում եմ ես,
Գեղեցի՜կ էր... այրվում էի ու դողդողո՜ւմ,
Երբ ճակատից խոպոպիկները ոսկեթել մետաքսի պես
Գահավիժում – ափերիս մեջ էին սողում,
Պատրաստ էի իջնել ծնկի, փռել նրա ոտքերի դեմ
Ի՜նչ ունեի – ազատությո՜ւն, կյա՜նք ու եդե՜մ –
Միայն թե ետ ստանայի գոնե հայա՜ցք մի հպանցիկ.
Այլոց դեմքին երանելի՝ բա՜ն չտեսա – թույնից բացի:
Առագաստը
Ճերմակին տվող մեն – մի առագաստ –
Ծովի կապուտակ, թանձր միգում...
Ի՞նչ է որոնում եզերքում անհաս,
Եվ ի՞նչ է լքել հայրենիքում...
Ալիքների խաղ – քամի՜ն է ոռնում,
Ճկվո՜ւմ է կայմը, ճռռո՜ւմ... Սակայն,
Ավա՜ղ, ոչ բախտ է այնտեղ որոնում,
Ո՛չ էլ բախտից է հալածական:
Վարում՝ լազուրից թափանցիկ շիթեր,
Ոսկե արև՜ն է շողում վերում...
Իսկ նա մրրի՜կ է աղերսում ի տեր,
Ասես հանգիստ կա մրրիկներում:
* * *
Երբ ալիք է տալիս արտը դեղնազօծվող,
Թարմ անտառը շրշում հովի շնկշնկոցից,
Եվ սալորը այգում, իր մորեգույն բոցով,
Ծիկրակում է կանաչ տերևների ծոցից.
Մայրամուտին բոսոր, լուսածեգին ոսկի,
Երբ ցողաթաց, արծաթ հովտաշուշանն անուշ
Ողջունելով ասես – առանց մի կենտ խոսքի –
Թփուտների միջից ինձ գլխով է անում.
Պաղ աղբյուրը ձորում, երբ հմայիչ խաղով
Միտքս ընկղմում է երազի մեջ աղոտ,
Եվ շշնջում ինչ – որ խորհրդավոր սագա
Ակունքների մասին – խաղաղ, անապական,-
Հանդարտվում է հոգիս ցավից ու տագնապից,
Հարթվում է իմ ջահել ճակատն ակոսատված,-
Եվ, թվում է, մոտ եմ երջանկության ափին,
Եվ երկնքում ասես հայտնվում է աստված...
Աղոթք
Ես, կույս աստվածամայր, աղոթում եմ հիմա
Քո պատկերի առաջ - պայծառ ու լուսերես –
Ո՛չ փրկության համար, ո՛չ զինվորի նման,
Ո՛չ՝ որ գոհ եմ, ո՛չ էլ՝ որ մեղքերս ներես,
Ո՛չ էլ աղոթում եմ հոգու համար իմ սին,
Թափառական հոգուս՝ անհայրենիք, անտակ,
Այլ ուզում եմ պահ տալ քեզ այս անմեղ կույսին,
Քեզ, որ սառն աշխարհի հովանավորն ես տաք:
Արժանավոր հոգին պատիր երջանկությամբ,
Եվ տուր նրան ուշիմ ուղեկիցներ կյանքի,
Պայծառ ջահելություն և ծերություն անամպ,
Լեր ապավեն իր հեզ սրտին տառապագին:
Լուռ գիշերով լինի, թե առավոտ ծեգին,
Երբ էլ հրաժեշտի վերջին պահը ցոլա,
Դու մահճի մոտ մահվան, իր գեղեցիկ հոգին
Ընդունելու ճամփիր հրեշտակին քո լավ:
* * *
Բաժանված ենք թեև, կրծքիս վրա սակայն
Քո պատկերն եմ պահում նվիրական,
Ինչպես լավ օրերի ուրվականը գունատ,
Բերկրություն է բերում իմ հոգուն նա:
Եվ տրված եմ թեև ես կրքերի ուրիշ,
Բայց սիրում եմ նրան, ինչպես հնում.
Լքված տաճարն այդպես տաճար է միշտ,
Եվ տապալված կուռքն է աստված մնում:
Հայրենիք
Ես սիրում եմ հայրենիքս, տարօրինակ սիրով սակայն,
Եվ չի հաղթի սիրույս իմ միտքը բանական:
Ո՛չ իր փառքը – գնված արյամբ,
Ո՛չ հանգիստը – ինքնավստահ և անձնագոհ,
Ո՛չ սրբասուրբ ավանդները հնադարյան
Չեն համակում ինձ բերկրալի անրջանքով:
Բայց չգիտեմ ինչի՞ համար, սիրում եմ ես
Տափաստանի լռությունը նրա սառած,
Անպարագիծ անտառների ծփանքը հեզ,
Հեղեղումներն իր գետերի – ծովերի պես լայնատարած:
Աղուրներով միջգյուղային սիրում եմ ես սուրալ սայլով,
Եվ հայացքով հանդարտասահ սուզվել մթան խորքը խաղաղ,
Զննել շուրջս ու հոգոցով գիշերելու տեղ տենչալով,
Դիմավորել հեգ գյուղերի թրթռացող լույսերը պաղ:
Պեծին տվող խոզանների ծուխն եմ սիրում օձագալար,
Սայլախումբը՝ գիշերային տափաստանում դադար առած,
Դեղնած արտում սպիտակին տվող դալար
Զույգ ցարասին – բլրին թառած:
Ուրախությամբ՝ այլոց օտար ու անընկալ,
Ես տեսնում եմ լեցուն մի կալ,
Ծղոտածածկ հին մի խրճիթ – ինձ հարազատ –
Պատուհանի նեղ փեղկերով փորագրազարդ:
Տոն է եթե, պատրաստ եմ ես եղյամապատ մթնշաղից
Մինչ կեսգիշեր դիտել պարերը կատաղի
Դոփյուններով, սուլոցներով... Կատարը տաք
Մուժիկների զվարճալի զրույցի տակ:
Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ թարգմանությամբ